Monday, 29.04.2024, 13:27

Main » 2012 » November » 20 » 31-ամյա Կարենը դիտավորյա՞լ, թե՞ անզգուշաբար էր կրակել իր երեխայի կնքահոր վրա
01:05
31-ամյա Կարենը դիտավորյա՞լ, թե՞ անզգուշաբար էր կրակել իր երեխայի կնքահոր վրա


Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Անանյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի` 31-ամյա Կարեն Անանյանը 2011 թվականի օգոստոսի 31-ի կեսգիշերին «Արաբկիր» զբոսայգու մոտ` մայթեզրին, իրեն պատկանող «Սայգա-204» տեսակի որսորդական օդաճնշիչ զենքից վիճաբանության ժամանակ կրակել էր իր երեխայի կնքահայր Արսեն Պեպանյանի վրա` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք: Անանյանին մեղադրանք է առաջադրված դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալն այդ արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչում: Նրա դիրքորոշումն այն է, որ կրակոցն արձակվել է անզգուշաբար, իր և Արսեն Պեպանյանի միջև որևէ վիճաբանություն չի եղել, և ինքը դիտավորություն չի ունեցել իր երեխայի կնքահորը որևէ` թեկուզ թեթև վնասվածք պատճառելու:

Տուժող Արսեն Պեպանյանը ևս այս նույն դիրքորոշումն ունի. իրենց միջև ոչ մի վիճաբանություն տեղի չի ունեցել, կրակվել է պատահաբար ու անզգուշաբար, իրենց հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական: Ավելին, նա հիմա օգնում է Կարեն Անանյանի` առանց միակ կերակրողի մնացած ընտանիքին:

Դեպքի միակ ականատես վկան Կարեն Անանյանի զարմիկն է, որը նույնպես վկայություն է տալիս այս դիրքորոշմամբ: Այլ ականատեսներ կամ վկաներ չկան, վիճաբանության աղմուկ ևս չի լսվել որևէ մեկի կողմից:

Մեղադրողի համոզմամբ` նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը հաստատված է գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ: Վիճաբանություն տեղի է ունեցել, միայն թե նախաքննության ընթացքում և դատաքննության ժամանակ չի պարզվել, թե ինչ պատճառով է ծագել վիճաբանությունը, ինչ վիճաբանություն է եղել, ինչպես է այն զարգացել, որ ավարտվել է որսորդական հրացանի կրակոցով:

Կարեն Անանյանը որսորդմիության անդամ է, նա զենքը ձեռք է բերել օրինական ճանապարհով: Նրա ցուցմունքի համաձայն` զենքը դրել էր մեքենայի մեջ, որովհետև ծրագրել էր հաջորդ օրը որսի գնալ:

Այսօր դատարանում հրապարակվեցին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Բոլոր ցուցմունքներում նա պնդել է, որ կրակոցն արձակվել է իր անզգուշության, անփութության պատճառով: Նա ընդունել է, որ դեպքի ժամանակ խմած է եղել: Իրենց բակում հանդիպել է զարմիկին ու ընկերոջը: Զանգահարել է իր երեխայի կնքահայր Արսենին: Վերջինս ասել է, թե «Պրագա» հյուրանոցի դիմացի բիլիարդանոցում ընկերներով խաղում ու գարեջուր են խմում: Կարենն ասել է, թե ինքն էլ է ցանկանում այնտեղ գնալ: Արսենն էլ ասել է` արի, կդիմավորեմ: Զարմիկը, տեսնելով, որ խմած Կարենն ուզում է անպայման մեքենայով գնալ Արսենի ասած տեղը, ստիպված ինքն էլ է նստել մեքենա ու նրա հետ մեկնել: Հյուրանոցի մոտակայքում Կարենն ու իր զարմիկն իջել են մեքենայից, Արսենը նրանց ընդառաջ է եկել: Կարենն ու Արսենը կատակել են. մեկն ասել է` ինչ վատն եք, որ առանց մեզ այստեղ ուրախանում եք, մյուսն էլ ասել է`անկապ-անկապ դուրս մի տուր: Կարենը մեքենայից հանել է որսորդական հրացանը և համոզված, որ հրացանի մեջ փամփուշտ չկա, վախեցնելու համար կատակով պահել է Արսենի վրա: Անսպասելիորեն կրակոց է արձակվել, Արսենն ասել է` ախ, ու բռնել է կողքը: Արյուն տեսնելով ու հասկանալով, որ Արսենը վիրավոր է, Կարենն ու իր զարմիկը նրան նստեցրել են Կարենի մեքենան ու հասցրել հիվանդանոց: Այդ պահին Կարենը շատ վախեցած է եղել, մտածել է` հիմա կգան ու իրեն կբռնեն, բացի այդ` խմած է եղել, լավ չի գնահատել իրավիճակը և դիմել է փախուստի: Մի քանի օր անց`2011թվականի սեպտեմբերի 5-ին, նա կամավոր ներկայացել է ոստիկանություն և նույն օրն էլ ձերբակալվել է:

Կարեն Անանյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանն այսօր դատարանում պնդեց մեկ անգամ արդեն արված միջնորդությունը`իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ գրավով փոխարինելու, իսկ մերժման դեպքում ամբաստանյալի ընտանիքին պետբյուջեից ապրուստի անհրաժեշտ միջոցներ հատկացնելու մասին:

Իր միջնորդության մեջ պաշտպանը նշել էր, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի C կետի համաձայն` անձին շարունակական կալանքի տակ պահելու համար անհրաժեշտ է, որ հիմնավոր կասկած լինի, թե մեղադրյալն է կատարել իրեն վերագրվող արարքը, կամ գործով ձեռք բերված ապացույցներով պիտի հիմնավորվի, որ մեղադրյալը կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ: Մեկ տարուց ավելի անազատության մեջ գտնվող Կարեն Անանյանի դեպքում այս հանգամանքներից ոչ մեկը չի հաստատվել: Մեղադրական եզրակացության մեջ նշվել է`քննությամբ չպարզված պատճառներով ծագած վիճաբանության ժամանակ է մեղադրյալը դիտավորությամբ կրակոց արձակել, սակայն այդ դիտավորությունը հիմնավորող որևէ հավաստի և թույլատրելի ապացույց գործով այդպես էլ ձեռք չի բերվել:

Կարեն Անանյանն ունի մշտական բնակության վայր, նրա ընտանիքը բաղկացած է վեց հոգուց` առաջին կարգի հաշմանդամ քույրը, որն ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվելու, երկրորդ կարգի հաշմանդամ մայրը, կինը, երկու մանկահասակ ու մեկ նորածին երեխան, վերջինս ծնվել է հոր կալանավորումից հետո: Այսինքն` Կարեն Անանյանն ունի կայուն ընտանեկան կապեր ու պարտավորություններ, նա ընտանիքի միակ կերակրողն է: Անանյանն ու իր հարազատները պատրաստակամություն են հայտնել գրավադրելու իրենց ունեցած երկու բնակարանները, եթե դատարանը որոշում կայացնի ամբաստանյալին կալանքից ազատել գրավի կիրառմամբ:

Անանյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը ներկայացրեց նաև ժամանակավոր պահման մեկուսարանում տիրող անմարդկային պայմանները. կալանավորվածների աննախադեպ մեծ քանակության պատճառով 12 հոգու համար նախատեսված խցում 27 կալանավոր է պահվում, մարդիկ հերթով են քնում, մի մահճակալի վրա` մի քանի հոգի: Բանն այնտեղ է հասել, որ մեկուսարանում իր պաշտպանյալին այցելելու համար պետք է նախապես ճշտի` ե՞րբ է նրա քնի ժամը, որովհետև կալանավորները հերթով են քնում: Փոքր խցերում վատ են օդափոխությունը, սանիտարական պայմանները, կալանավորներին ոչ միշտ են կարողանում զբոսանքի դուրս բերել: Այդպես կարող են ավելի տարածում ստանալ տուբերկուլյոզ և այլ վարակիչ հիվանդությունները: Խախտվում է Կոնվենցիայի երրորդ հոդվածը` անազատության մեջ գտնվող մարդկանց պահում են անմարդկային պայմաններում: Այս իրավիճակում կալանքի` որպես խափանման միջոցի համատարած կիրառումը, գրավի կիրառման հազվադեպությունը արդարացված չեն:

Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը: Կարեն Անանյանի խափանման միջոցը չվերացվեց կամ գրավով չփոխարինվեց: Վեց հոգուց բաղկացած նրա ընտանիքի գոյատևման համար էլ, քանի դեռ միակ կերակրողը կալանքի տակ է, պաշտպանի հաշվարկած ամենամսյա 371 հազար 635 դրամը պետբյուջեից չի վճարվի:

Դատական քննությունը կշարունակվի հաջորդ նիստին:



Հղում 1in.am
Views: 626 | Added by: Admin | Rating: 5.0/1
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024