Monday, 29.04.2024, 13:51

Main » 2012 » May » 26 » Երկու գլխից երկու մարմին
00:34
Երկու գլխից երկու մարմին

Երկու գլխից երկու մարմին Երկու գլխից երկու մարմին

2003 թվականից ի վեր Հայաստանում իշխանական համակարգը գործում է կոալիցիոն սկզբունքով: Ըստ էության, այդ սկզբունքը գործում է նույնիսկ 1995 թվականից ի վեր, քանի որ այդ տարի տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանը, որը փաստացի առաջինն էր Հայաստանի անկախությունից հետո, խորհրդարանական մեծամասնությունը կազմվեց Հանրապետություն նախընտրական բլոկով:

Այսինքն` հետընտրական կոալիցիան ձևավորվել էր դեռևս ընտրությունից առաջ, և մի շարք կուսակցություններ հանգրվանել էին այդ բլոկում` ՀՀՇ հրամանատարության ներքո: 1999 թվականին էլ, ըստ էության, եղավ կոալիցիոն խորհրդարան՝ ՀԺԿ-ՀՀԿ, ի դեմս «Միասնություն» դաշինքի, պարզապես կրկին նախընտրական կոալիցիայի տեսքով: 2003 թվականից հետո կոալիցիաները լինում էին հետընտրական: Ի՞նչն էր տարբերությունը: Թերևս այն, որ դրանք արդեն փորձ էր արվում առավել մոտեցնել իրականությանը և այսպես ասած` առավել բնականացնել, երբ նախ պարզ էր դառնում իրավիճակը՝ ընտրության իրական արդյունքների տեսքով, թե ով ինչ կշիռ ունի դաշտում, և հետո միայն այդ արդյունքները դասավորվում էին ըստ իշխանության բուրգի գագաթի հայեցողության և ընթանում էին կոալիցիոն բանակցություններ, քվոտաների բաժանում և պայմանավորվածություններ:

Այդ տեսանկյունից, երբ ԲՀԿ-ն հայտարարում է կոալիցիա չմտնելու մասին, Հայաստանում փաստացի աննախադեպ իրավիճակ է ձևավորվում և առաջին անգամ դե ֆակտո լինում է մի իրադրություն, երբ խորհրդարանի մեծամասնությունը կոալիցիոն չէ: Իհարկե, կա ՕԵԿ-ը, բայց այդ կուսակցության մասին հասկանալի պատճառներով արժե պարզապես լռել: Իսկ ի՞նչն է պատճառը, որ ներկայումս ստեղծվում է այդօրինակ իրավիճակ, և իշխանությունը կոալիցիա չի ձևավորում: Պատկերն այստեղ բավական խայտաբղետ է և իրարամերժ: Ի վերջո, երկար ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում կոալիցիայի շուրջ բանակցությունների մասին. պաշտոնապես դա չէին հերքում թե՛ ՀՀԿ-ն և թե՛ ԲՀԿ-ն: Արդյոք կոալիցիան չկայացավ պայմանավորվածությունների չգալո՞ւ հետևանքով, թե՞ պարզապես խնդիրը մտացածին էր, և կոալիցիոն բանակցությունների մասին ամբողջ թամաշան զուտ նրա համար էր, որ հանրային և փորձագիտական ուշադրությունը շեղվեր, և իշխանությունը հնարավորություն ունենար հստակ մոդելավորել և պլանավորել նոր խորհրդարանում համակարգային նոր դասավորությունը. ՀՀԿ-ն` իշխանություն, իսկ ԲՀԿ-ն` ընդդիմություն: Տեսակետներն այս հարցերում, անշուշտ, տարբեր և իրարամերժ են նույնքան, որքան քաղաքական ազդակները, որ տալիս էին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն և դրանց առանձին ներկայացուցիչները: Սակայն, ըստ ամենայնի, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ոչինչ միարժեք չէ, և իսկապես կան շատ տարբեր հանգամանքներ, որոնցով պայմանավորված է ներկայիս վիճակը:

ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ներկայիս ոչ կոալիցիոն հարաբերությունն, անշուշտ, փոխադարձ պայմանավորվածության արդյունք է, սակայն այդ պայմանավորվածությունն ամենևին խաղ չէ, թատրոն չէ: Պարզապես շահերի երկուստեք բախման պարագայում կան երկուստեք ընդհանրություններ այն իմաստով, որ այդ ուժերը միևնույն համակարգի ծնունդ են և սնուցվում են միևնույն համակարգից: Հետևաբար` նրանք որքան էլ ունեն հակասություններ, այդուհանդերձ այդ հակասությունները չեն հասնի փոխադարձ ինքնաոչնչացման ռիսկի: Տվյալ պարագայում, ՀՀԿ իշխանություն և ԲՀԿ ընդդիմություն տարբերակը համակարգի ինքնապաշտպանության բնազդի թելադրանքն է: Բայց, բնազդից բացի, կա նաև գիտակցություն: Կողմերից յուրաքանչյուրին այդ իրավիճակը ձեռնտու է, թեև, իհարկե, երևի թե ոչ մեկի ցանկությանը չի համապատասխանում 100 տոկոսով:

Սերժ Սարգսյանը գուցե կուզենար, որ իշխանության մեջ այն ռեսուրսը, որ կա ԲՀԿ տակ, և որը դժվար է միանգամից հանել, իրականում ամբողջությամբ իր տնօրինության տակ լիներ և կարիք չլիներ պայմանավորվել Գագիկ Ծառուկյանի հետ: Գագիկ Ծառուկյանը, թերևս, կուզեր, որ իր կուսակցությունը լիներ խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը: Այդ գործընթացներում ամենևին էլ ոչ երկրորդական դերակատարում կամ շահագրգռություն ունեցող Ռոբերտ Քոչարյանը գուցե կուզեր, որ ԲՀԿ վրա ունենար լիակատար ազդեցություն, իսկ ԲՀԿ-ն էլ ունենար լիակատար իշխանություն: Ներկայիս իրավիճակը, թերևս, այդ ցանկությունների միջինացված կոմպրոմիսային մի տարբերակ է, որտեղ Սերժ Սարգսյանը կարողացավ ընտրության ընթացքում ոչ միայն զսպել, այլ նույնիսկ սանձել ԲՀԿ իշխանական հավակնությունները, և ներկայումս պարզապես կարող է «Բարգավաճ Հայաստանին» առնվազն մինչև նախագահի ընտրություն օգտագործել ընդդիմադիր ընտրազանգվածն ու դաշտը վերահսկողության տակ պահելու և այնտեղ միտումները ԲՀԿ միջոցով կառավարելի դարձնելու համար: «Բարգավաճ Հայաստանն», ըստ երևույթին, գոհ է, որ հաջողվեց պահել դեմքը, ինչպես նաև թերևս հուսով է, որ այդ ընթացքում ՀՀԿ-ն կարող է խնդիրներ ունենալ բացարձակ իշխանության պատասխանատվությունը կրելու հետ կապված և ԲՀԿ ընտրազանգվածը կարող է է՛լ ավելի մեծանալ, հետևաբար է՛լ ավելի կարող են մեծանալ այն պահանջները, որ ԲՀԿ-ն կդնի ՀՀԿ դեմ, ասենք, 2017-18 թվականների ընտրական փուլից առաջ: Ռոբերտ Քոչարյանն էլ թերևս գոհ է, որ Վարդան Օսկանյանի միջոցով քաղաքական իր ծրագրերի իրականացման հեռանկարը չփակվեց դեռևս կարգին չսկսված, և Վարդան Օսկանյանը ստիպված չի լինի վայր դնել մանդատը կամ դուրս գալ միանգամից թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ Սերժ Սարգսյանի դեմ:

Այդպիսով, իշխանության մեջ հաստատվում է մի ստատուս քվո, որից գուցե երջանիկ չեն, բայց դժբախտ էլ չեն ներիշխանական ուժերը: Այդ իրավիճակի առանցքային պարագան, թերևս, այն է, որ բավական նեղացվել է քաղաքական գործընթացի շրջանակը, և ընդդիմություն ու իշխանություն ինստիտուտները փաստացի փորձ է արվում տեղավորել այդ շրջանակի մեջ` դրանից դուրս թողնելով և մարգինալացնելով մյուս ուժերին կամ ստիպելով նրանց տեղավորվել երկու կուսակցության խաղի մեջ: Եթե այդ ուժերն ի զորու չեղան մինչև 2017-18 թվականները որևէ այլընտրանքային քաղաքական գործընթաց թելադրել իշխող համակարգին, ապա թերևս շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանում պարզապես կբյուրեղանա իշխող համակարգի նոր մոդել, երբ ոչ միայն համակարգի գլուխներն են երկուսը, այլ նաև մարմինները, ինչը բնականաբար շատ ավելի ճկուն է դարձնելու համակարգի խաղը և առավել բարդացնելու է խաղերը դրա դեմ:

Հղում 1in.am
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Views: 853 | Added by: Admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

www.imblog.ucoz.com © 2024